Գյուղատնտեսություն
Մեկնարկելով 2019 թվականի սեպտեմբերի 30-ից՝ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղացիական տնտեսություններին ապահովագրելու իրենց պտղատու այգիները, դաշտերը, հողատարածքները մի շարք բնական վտանգավոր երևույթներից:
Գյուղացիական տնտեսությունները կարող են ապահովագրել հետևյալ մշակաբույսերը ՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, հացահատիկ (աշնանացան և գարնանացան՝ ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, բալ և կեռաս։
Ապահովագրական ռիսկեր
Գործող Պայմանների համաձայն, ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա ռիսկերն են.
- Գարնանային ցրտահարություն, որը սառեցման կետից ցածր ջերմաստիճանի պատճառով ծառերի և մշակաբույսերի հատվածների հյուսվածքների՝ բողբոջների, ծաղիկների, փոքր պտուղների սառեցումն է, ընդ որում՝ վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բույսերը ձմեռային հանգստից հետո վերականգնում են իրենց վեգետացիան։
- Կարկտահարություն, որը սովորաբար անձրևի և/կամ քամու հետ ուղեկցվող գնդաձև սառցե կտորների տեսքով մթնոլորտային տեղումներն է, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ծառերի և մշակաբույսերի հատվածների հյուսվածքներին՝ հանգեցնելով բերքատվության կրճատմանը։
- Հրդեհ՝ անվերահսկելի բռնկում և այրում, որն առաջանում է բնական գործոնների պատճառով՝ ներառյալ բարձր ջերմաստիճանը, կայծակի հարվածը: Գործող Պայմանների համաձայն՝ հրդեհի ռիսկը վերաբերում է բողբոջների, ծաղիկների, պտուղների վնասմանը հրդեհի հետևանքով (ծուխ, մուր), ինչպես նաև հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասին և չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։
- Երաշտ, որը տեղումների արդյունավետ քանակի բացակայությունն է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Կախված մշակաբույսի տեսակից՝ հնարավոր է նաև համակցված ռիսկերով ապահովագրություն․ գյուղատնտեսը կարող է մեկ ապահովագրության պայմանագրով իր հողատարածքը միանգամից ապահովագրել երկու նշված ռիսկերից և ստանալ 10% զեղչ:
Կարևոր է․
Չնշված այլ գործոնների ազդեցության հետևանքով հասցված վնասը չի փոխհատուցվելու ապահովագրական ընկերության կողմից։
Գործողության տարածք
Ապահովագրությունը, կախված ռիսկերից և մշակաբույսերից, գործում է ՀՀ հետևյալ մարզերում․
- «կարկտահարության և հրդեհ» ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- «կարկտահարություն» ռիսկից խնձորի, հացահատիկի, սալորի, կարտոֆիլի, բալի, կեռասի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- «գարնանային ցրտահարություն» ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- «երաշտ» ռիսկից հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող չոռոգվող հողատարածքների վրա:
Ապահովագրության պայմանագրի ձեռքբերումը
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիրը հնարավոր է ձեռք բերել այն մարզերի մասնաճյուղերից, որոնք ներառված են ծրագրում: Մասնաճյուղերի և գրասենյակների հասցեները և այլ կոնտակտային տվյալները կարող եք տեսնել «Լրացուցիչ նյութեր» բաժնում:
Կարևոր է․
- Մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության պայմանագրի ներքո գտնվող հողատարածքը պետք է ապահովագրվի ամբողջությամբ:
- Յուրաքանչյուր հողատարածքի ապահովագրության համար սահմանված է ապահովագրական գումարի 15%-ի չափով չհատուցվող գումար։
Ապահովագրության ժամկետ
2023 թվականին բերքի համար ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել հետևյալ ժամկետով.
Մշակաբույս | Ռիսկ | Պայմանագրի կնքման վերջնաժամկետ | Պայմանագրի գործողության ժամկետ |
---|---|---|---|
Ծիրան | Կարկտահարություն և հրդեհ | Մարտի 25 | Ապրիլի 1 – Օգոստոսի 25 |
Գարնանային ցրտահարություն | Փետրվար 27 | Մարտի 1 – Օգոստոսի 25 | |
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ | Փետրվարի 27 | Մարտի 1 – Օգոստոսի 25 | |
Խաղող | Կարկտահարություն և հրդեհ | Մարտի 25 | Ապրիլի 1 – Հոկտեմբերի 30 |
Գարնանային ցրտահարություն | Փետրվար 27 | Մարտի 1 – Հոկտեմբերի 30 | |
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ | Փետրվարի 27 | Մարտի 1 – Հոկտեմբերի 30 | |
Դեղձ | Կարկտահարություն և հրդեհ | Մարտի 20 | Ապրիլի 1 – Հոկտեմբերի 10 |
Գարնանային ցրտահարություն | Փետրվար 27 | Մարտի 1 – Հոկտեմբերի 10 | |
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ | Փետրվարի 27 | Մարտի 1 – Հոկտեմբերի 10 | |
Խնձոր | Կարկտահարություն | Ապրիլի 20 | Մայիսի 1- Հոկտեմբերի 10 |
Հացահատիկ գարնանացան (ցորեն/գարի/վարսակ) |
Կարկտահարություն | Մայիսի 20 | Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1 |
Կարկտահարություն և հրդեհ | Մայիսի 20 | Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1 | |
Երաշտ | Մայիսի 1 – Հոկտեմբրի 1 | ||
Երաշտ և Կարկտահարություն Երաշտ և Կարկտահարություն և հրդեհ |
Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1 | ||
Երաշտ և կարկտահարություն | Մայիսի 1 – Հոկտեմբրի 1 | ||
Վաղահաս կարտոֆիլ | Կարկտահարություն | Մայիսի 15 | Մարտի 20 – Օգոստոսի 1 |
Գարնանային ցրտահարություն | |||
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն | |||
Միջին-վաղահաս, միջին ուշահաս և ուշահաս կարտոֆիլ | Կարկտահարություն | Մայիսի 31 | Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 |
Գարնանային ցրտահարություն | |||
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն | |||
Ձմերուկ, սեխ | Կարկտահարություն | Մայիսի 20 | Մայիսի 1 – Հոկտեմբերի 1 |
Սալոր | Կարկտահարություն | Մարտի 25 | Ապրիլի 1 – Սեպտեմբերի 1 |
Գարնանային ցրտահարություն | Մարտի 20 | ||
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն | Մարտի 20 | ||
Բալ և կեռաս | Կարկտահարություն | Ապրիլի 25 | Մայիսի 1 – Հուլիսի 1 |
Ապահովագրավճարի չափը և վճարումը
Ապահովագրավճարի չափը կախված է համայնքից, մշակաբույսից, ապահովագրվող ռիսկից/ռիսկերից:
Ապահովագրավճարի սակագների վերաբերյալ մանրամասները ներկայացված են Պայմանների Հավելված 2-ում։
Կարևոր է․
Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Մասնավորապես․
- 50% սուբսիդիա ծիրանի, խաղողի և դեղձի համար՝ «կարկտահարություն և հրդեհ» ռիսկի դեպքում,
- 50% է սուբսիդիա խնձորի, հացահատիկի, սալորի, ձմերուկի, սեխի, կարտոֆիլի, բալի և կեռասի համար՝ «կարկտահարություն» ռիսկի դեպքում,
- 60% սուբսիդիա «գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի և կարտոֆիլի համար,
- 60% սուբսիդիա «կարկտահարություն և հրդեհ» ու «գարնանային ցրտահարություն» ռիսկերի դեպքում ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի և կարտոֆիլի համար,
- 60% սուբսիդիա «կարկտահարություն և հրդեհ», «երաշտ» ռիսկերի և «երաշտ» ռիսկի համակցությունների դեպքում հացահատիկի համար։
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Հողամասի սեփականության վկայական
- Վարձակալության պայմանագիր կամ իրավական այլ փաստաթղթեր
- Լրացրած ապահովագրական դիմում
Ուզու՞մ եք իմանալ ավելին:
Մենք ուրախ կլինենք պատմել Ձեզ գյուղատնտեսության ապահովագրության մասին և կօգնենք արագ ձևակերպել վկայագիրը:
Զանգահարե՛ք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով կամ գրե՛ք agroclaim@ligainsurance.am հասցեին: